Շիրակի մարզի ավտոճանապարհներն արդեն բաց են։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու մարզի ոստիկանապետը հանդիպել են գերեվարված զինվորների հարազատների հետ և տեղեկացրել, որ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը մեկնում է Արցախ` ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ հանդիպման, տեղեկացնում է Փաստինֆոն։
Շիրակի մարզի տարբեր համայնքների բնակիչները, որոնք ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութերում գերության մեջ տեսել և ճանաչել են իրենց հարազատներին, այսօր առավոտից փակել էին մարզի ճանապարհները։
Այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Հադրութի Խծաբերդ գյուղից 150 շիրակցի է գերեվարվել ադրբեջանցիների կողմից։ «Բարձր մակարդակով բանակցություններ են լինելու, պաշտոնյաների հանդիպումից հետո, որ պահին ունեցանք որևէ նորություն ձեր հարազատների մասին, ձեզ կտեղեկացնենք»,- Խծաբերդում գերեվարված զինվորականների հարազատների հետ հանդիպման ժամանակ նշել է մարզպետը։